Հայաստանի պաշտպանության նախարարության գործունեության կարեւորագույն ուղղությունը ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Վերջին երկու-երեք տարիներին մենք լուրջ հաջողությունների ենք հասել», - ընդգծել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ աշխատանքն իրականացվում է նաեւ հին եւ նոր արտասահմանցի գործընկերների հետ համագործակցությամբ, բացվում են նոր շուկաներ: «Չափազանց կարեւոր է այն, որ երկրի եւ բանակի ղեկավարությունը դրան շատ մեծ ուշադրություն է դարձնում», - ասել է նախարարի մամուլի քարտուղարը: Նա հիշեցրել է, որ հայկական արտադրանքի նմուշները տարվա ընթացքում ներկայացվել են տարբեր զորավարժություններում եւ ցուցադրություններում:
Պատասխանելով Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության չեզոքացման գործում Հայաստանի պաշտպանության նախարարության մասնակցության վերաբերյալ հարցին` Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել է, որ դա պաշտպանության նախարարության ուղղակի խնդիրը չէ: «Մեր գործը զենքը ձեռքներիս հարենիքը պաշտպանելն է: Սակայն որոշակի աշխատանք տարվում է, որպեսզի ճշմարտությունը ստվերում չմնա: Այն բոլոր դեպքերում, երբ ադրբեջանական կողմը նենգորեն ներկայացնում է խեղաթյուրված փաստեր, մենք միջամտում ենք»:





























