Վիճակախաղերի, շահումով խաղերի եւ խաղատների կազմակերպիչները 2012 թ. տուգանվել են 30,6 մլն դրամի չափով, նախորդ տարվա 22,5 մլն դրամի համեմատ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գարիելյանը:
Հսկողությունն իրականացվել է ստուգումների, փաստաթղթային հսկողության եւ փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից:
Բացի տուգանքներից՝ կիրառվել է 68 նախազգուշացում (նախորդ տարվա 74-ի համեմատ), թվով 16 լիցենզիաներ կասեցվել են (նախորդ տարվա 20-ի համեմատ): Եւս 14 լիցենզիաների ուժը կորցրած ճանաչելու մասին հայտ է ներկայացված դատարան:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ ուժի մեջ են 75 շահումով խաղերի, 10 խաղատան եւ 5 վիճակախաղի կազմակերպման լիցենզիա:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի՝ տուգանքների մեծ մասը կիրառվում է շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ: Այսպես՝ շահումով խաղերի նկատմամբ տուգանքը կազմել է 20,2 մլն դրամ, իսկ խաղատների նկատմամբ՝ 7,6 մլն դրամ:



























