Կարճաժամկետ եւ միջին ժամկետ հեռանկարում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում առկա ստատուս քվոն կպահպանվի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա կարծիքով, այս հակամարտությունում ստատուս քվոն կախված է հակամարտող ուժերի միջեւ առկա հաշվեկշռից: «Ընդ որում, պետք է նկատել, որ գոյություն ունեցող հաշվեկշիռը կողմերի քաղաքական ջանքերի արդյունք չէ»,-նշեց Իսկանդարյանը:
Անդրադառնալով հակամարտության կարգավորմանը, քաղաքագետը վստահեցրեց, որ կողմերի միջեւ տեղի կունենան հանդիպումներ նախագահների եւ ԱԳ նախարարների մակարդակով, սակայն բացի պաշտոնական երկկողմ հայտարարություններից, առաջիկա տարիներին էական բեկում տեղի չի ունենա:
Ինչ վերաբերում է շփման գծում հաճախակի հնչող կրակոցներին, նա նշեց, որ շփման գծում ավելի շատ ադրբեջանցի զինվորներ են զոհվում, քան՝ հայ: «Իհարկե, փոխհրաձգությունն ընդհանրապես բացառել չի կարելի, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը փոխհրաձգությունների «ռացիոնալ» պահանջ ունի: Վերջիններս այն ապրանքն են, որն Ադրբեջանը փորձում է վաճառել»,-ամփոփեց քաղաքագետը:





























