Աստղը աստղ է մնում, անգամ երբ մարում է եւ փորձում է ընկնել արժանապատվորեն: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու մասին որոշումը:
«Կարդացի Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը:
Դե, աստղը աստղ է մնում, անգամ երբ մարում է եւ փորձում է ընկնել արժանապատվորեն:
Նա փորձել է միանգամից պատասխանել բոլոր հնարավոր քննադատական հարցերին:
Մեկ հարց է ուղղակի մնում անպատասխան:
Արդյո՞ք ամբողջ ՀԱԿ-ը եւ իր առաջնորդը չէին կանխատեսում «տարիքային» հանգամանքը նախորդ հնգամյա գործունեության ընթացքում եւ արդյո՞ք անձնագրի մասին նրանք հիշել են միան նախագահական ընտրություններից 2 ամիս առաջ...»,- գրել է Աշոտյանը:
Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում հայտնել է, թե մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը: «Որքան ինձ հայտնի է, դեռեւս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում»,- մասնավորապես ասել է նա:





























