Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան հանձնարարել է «Ռոիսիա-1» ալիքով ցուցադրված «Բերեզովսկի» ֆիլմի նյութերը ստուգման նպատակով ուղարկել Քննչական կոմիտե: Ֆիլմում նոր փաստեր են բերվում փախուստի մեջ գտնվող օլիգարխի՝ հնչեղ հանցագործություններին, այդ թվում Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Սերգեյ Յուշենկովի սպանությանն առնչություններ ունենալու վերաբերյալ: Ֆիլմում վկայություններ են տալիս մարդիկ, որոնք շատ սերտ կապեր են ունեցել Ռոման Բերեզովսկիի հետ:
Vesti.ru-ն նշում է, որ Բերեզովսկիի եւ Պատարկացիշվիլիի կողմից ժամանակին գործարկված մեքենան խափանումներ է տալիս եւ դրանում ներգրավված մարդիկ սկսում են խոսել:
«Բադրի Պատարկացիշվիլին եւ Բորիս Բերզովսկին ինձ 3 մլն դոլար էին խոստացել՝ լռության դիմաց»,-ֆիլմում պնդում է բանտարկյալ Միխայիլ Կոդանյովը, ով պատիժ է կրում Բերեզովսկիի «Ազատական Ռուսաստան» կուսակցության համանախագահ Սերգեյ Յուշենկովի սպանությունը կազմակերպելու համար:
Թե կալանավորումից հետո, թե քննության ընթացքում, թե դատարանում Կոդանյովը լռել է, մեղքը չի ընդունել, սակայն նաեւ չի փորձել արդարանալ, քանի որ Բերեզովսկին ֆինանսապես պահել է նրա ընտանիքը:
Քանի որ խոստացված 3 մլն դոլարը Կոդանյովը չի ստացել, իսկ նրա ընտանիքին ֆինանսական օգնությունը դադարել է, նա էլ որոշել է, որ լրիվ իրավունք ունի պատմել ճշմարտությունը: Կոդանյովը պահանջում է նոր քննություն եւ նոր դատավարություն, քանի որ պատգամավորի սպանության հետ ինքը որեւէ առնչություն չունի, իսկ իրեն ստիպել են իր վրա վերցնել այդ սպանության պատասխանատվությունը: Նա նկարահանող խմբի առաջ կարդացել է իր դիմումն ուղղված գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին, որտեղ նշում է, որ «Սերգեյ Յուշենկովի սպանության իրական պատվիրատուները Արկադի Պատարկացիշվիլին եւ Բորիս Բերեզովսկին են»:
ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ քննությունը պատրաստ է ստուգել ֆիլմում ներկայացված փաստերը եւ արդեն որոշակի տեղեկատվություն ունի:
Սակայն ՌԴ քննչական կոմիտեն դեռեւս չի հաստատել ֆիլմում հնչած տեղեկատվությունը, թե, իբր, Բորիս Բերեզովսկին առնչություն ունի լրագրողներ Վլադ Լիստեւի, Աննա Պոլիտկովսկայայի եւ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Գոլովլյովի սպանություններին, հաղորդում է ՌԲԿ-ն:
Ֆիլմում Բերեզովսկիին մեղադրվում է 5 սպանությունների մեջ: Մասնավորապես, ֆիլմի հեղինակները պնդում են, որ նա առնչություն ունի լրագրող Վլադ Լիստեւի, պետանվտանգության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի, գործարար Բադրի Պատարկացիշվիլիի, քաղաքական գործիչներ Սերգեյ Յուշենկովի եւ Վլադիմիր Գոլովլյովի սպանությունների, ինչպես նաեւ ՌԴ նախագահի թեկնածու Իվան Ռիբկինի առեւանգման հետ:





























