Յուրաքանչյուր մարդ, այդ թվում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, իրավունք ունի ցանկացած որոշում ընդունել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսում նշեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը, նա ընդգծեց, որ շատ սխալ է միշտ պատասխանատվությունը գցել երկրի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների վրա: «Նոր, երիտասարդ քաղաքական գործիչները չպետք է վախենան պատասխանատվություն վերցնելուց: Թող նրանք առաջադրեն իրենց թեկնածությունը, հանդես գան նոր գաղափարներով, մտքերով եւ նախաձեռնություններով»,-ասաց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ նախագահական ընտրությունների նախաշեմին հիմնական քննարկումները կապված են եղել երկրի երեք նախագահների հետ, այդկերպ բացառելով այլ հնարավոր տարբերակները:

«Պետք չի մշտապես հիմնական պատասխանատվությունը գցել մեկ մարդու վրա: Հայաստանի առաջին նախագահն արդեն արել է իր գործը: 2008 թվականին նա ակտիվացրել է հայ հասարակությունը, երբ բավական լուրջ ալիք բարձրացած, դրական իմաստով, իհարկե: Տեղի ունեցավ ընդդիմության միավորում Տեր-Պետրոսյանի շուրջը: Դա շատ կարեւոր նշանակություն ունեցավ հասարակության քաղաքական ակտիվության համար»,-ամփոփեց Ստեփան Գրիգորյանը: