Ռուս ընդդիմադիր, «Ձախ ճակատ»-ի համակարգող Սերգեյ Ուդալցովն արդեն գրեթե 5 տարի օգտվում է Պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Իլյա Պոնոմարեւի ծառայողական SIM քարտից։Այդ ամբողջ ընթացքում ընդդիմադրի ծախսերը վճարվել են պետական գանձարանից, հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով խորհրդարանի ներքին պալատի աղբյուրները։
Հրատարակության տվյալներով՝ МТС-ի SIM քարտը՝ «Մոսկվա. գործարարություն առանց սահմանի. Կորպորատիվ VIP» սակագնային փաթեթով, Պոնոմարեւին տրվել է 2007 թվականին։ Բաժանորդային վճարն, ըստ համաձայնագրի, կազմում է ամսական 6900 ռուբլի։ Սակայն «Դերժավա-Ռուսաստան» զեղչի շնորհիվ, որը նախատեսված է Պետդումայի համար, ամսական վճարը կազմում է 1700 ռուբլի։ Համարի ծառայությունները վճարվում են դաշնային բյուջեի կողմից։ 5 տարվա ընթացքում բաժանորդային ծախսերն ու լրացուցիչ ծառայություններից օգտվելու հաշիվները կազմել են ավելի քան 100 հազար ռուբլի։
Ինչպես պատմել է թերթի աղբյուրը, պատգամավորը քարտը տվել է Ուդալցովին, որը մինչ այժմ օգտվում է դրանից։ Հրատարակության կողմից հարցված փորձագետները ենթադրում են, որ դա արվել է անվտանգության տեսանկյունից։ Նրանք նշել են, որ պատգամավոր չհանդիսացող անձանց քարտեր տրամադրելը հազվադեպ երեւույթ չէ Պետդումայի համար, քանի որ այդպիսի համարները պաշտպանված են գաղտնալսումներից։
Ինքը՝ Ուդալցովը, հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ չգիտի այդ SIM քարտի ծագման մասին։ Նա նաեւ նշել է, որ տվյալ համարից հազվադեպ է օգտվում։ Իլյա Պոնոմարեւը հրաժարվել է մեկնաբանություններ տալ։





























