Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արդեն մեկնաբանել է խորհրդարանի կողմից նախագահական վետոյի հաղթահարումը` դա անվանելով խայտառակ փաստ եւ նախազգուշացնելով, որ իր գործողություններով  գերագույն օրենսդիր մարմինը նպաստում է  քրեածին իրադրության վատթարացմանը եւ «գոտեպնդում է լրտեսներին»:

«Ես վստահ եմ, որ այդ օրենքը կգրվի Վրաստանի պատմության ամոթալի ցուցակում», - ասել է Սահակաշվիլին` ելույթ ունենալով դեկտեմբերի 28-ի երեկոյան:  Ըստ Սահակաշվիլիի` «այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո  քրեածին իրավիճակն ավելի կվատանա իրենց երկրում, որը Եվրոպայում համարվում էր ամենաանվտանգներից մեկը»:«Խորհրդարանն ազատում է ռուսական բոլոր լրտեսներին, որոնց մենք բացահայտել էինք», - նշել է նախագահը, մեջբերում է  «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ի երեկոյան Վրաստանի խորհրդարանը հաղթահարել էր նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վետոն, որը նա կիրառել էր «Համաներման մասին» օրենքի վրա: «Համաներման մասին» օրենքը Վրաստանի խորհրդարանն ընդունել էր դեկտեմբերի 21-ին եւ ենթադրում է մեծածավալ համաներման հայտարարություն:

Սահակաշվիլին այդ օրենքի այն հատվածի վրա էր վետո դրել, որը վերաբերում էր քաղբանտարկյալներին եւ մանկապիղծներին: