Այսօր` հունվարի 14-ին Հայաստանի ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցված արտակարգ դեպք-պատահարների եւ դրանց արձագանքման միջոցառումների մասին։ Փրկարար ծառայությունում արդեն մշակված են այս տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների պլանները (անձնակազմի պատրաստվածության բարձրացման, ուսումնավարժությունների եւ այլն)։ Աշխատանքներ են տարվում նոր ու առավել հզոր ամենագնաց ավտոմեքենաներ ձեռք բերելու ուղղությամբ, որոնք կարող են բարդ եղանակային պայմաններում հաղթահարել միջհամայնքային դժվարանցանելի ճանապարհները եւ օգնության հասնել հանրապետության հեռավոր համայնքների բնակիչներին։ Շուտով փրկարար ծառայությունը ձեռք կբերի նաեւ վայրի կենդաներին ժամանակավոր քնեցնելու համար նախատեսված հատուկ հրացաններ եւ օձեր որսալու գործիքներ, որոնք կօգնեն առավել ընդլայնելու փրկարարների կողմից մատուցվող ծառայությունները եւ մեր համաքաղաքացիներին բարձրորակ մասնագիտական օգնություն ցուցաբերել նաեւ կենդանիերի հետ կապված արտակարգ դեպքերի ժամանակ։

Խորհրդակցության ընթացքում «ՍՊԱԾ» գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը հայտնեց, որ այս օրերին արդեն Հայաստանում կլինեն ՄԱԳԱՏԵ-ի օժանդակությամբ ձեռքբերված նոր, թվային սեյսմիկ կայանները։

Հիդրոմետ ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը տեղեկացրեց, որ վերջերս իրենց ծառայությունը ձեռք է բերել 14 հազար եվրո ընդհանուր արժեքով տարբեր օդերեւութաբանական սարքերի 4 լրակազմ, որոնք նախատեսված են հանրապետության 4 խոշոր քաղաքների համար։

Այս օրերին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնին կմիանա նաեւ Շտապօգնության ծառայության ավտոմեքենաների GPS համակարգը, ինչը կնպաստի դեպք-պատահարների առավել արդյունավետ արձագանքմանը։