Բաքու կատարած պաշտոնական այցից հետո, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է էներգետիկ ոլորտում հարեւան Ադրբեջանին այլընտրանք որոնելու իր նախկին մտադրություններից: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, մամուլի ասուլիսում նշեց Վրաստանի գծով փորձագետ Ալիկ Էրոյանցը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին Վրաստանի նոր վարչապետ Իվանիշվիլին հայտարարել իր առաջիկա այցելությունների մասին, որտեղ ընդգրկված էր նաեւ Բաքու այցելությունը: «Ինչպես հայտնի է, Վրաստանի էներգետիկայի նոր նախարար Կախա Քալաձեն հայտարարել է էներգետիկ ոլորտում Ադրբեջանին հարմար այլընտրանք գտնելու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին, բայց Բաքու այցելությունից հետո Բիձինա Իվանիշվիլին հերքել է արտաքին քաղաքական նոր նախաձեռնությունը, շարունակելով էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ»,-ասաց Էրոյանցը:

Նա նշեց, որ Վրաստանի կողմից արվող նման հայտարարությունները յուրատեսակ մեսիջներ են Ադրբեջանին, որ Վրաստանն էներգետիկ ոլորտում ունի այլընտրանք եւ այդ այլընտրանքը կարող է լինել Ռուսաստանը:

Փորձագետի ներկայացմամբ՝ Վրաստանի ներկա իշխանությունները փորձում են բարելավել իրենց հարաբերությունները նաեւ Հայաստանի հետ, թեեւ նրանք լավ հասկանում են, որ չի կարելի վատացնել հարաբերությունները նաեւ Ադրբեջանի հետ: «Ելնելով Իվանիշվիլիի համապատասխան քաղաքական քայլերից, կարելի է եզրակացնել, որ նա փորձառու քաղաքական գործիչ չէ»,-նշել է Ալիկ Էրոյանցը, հավելելով, սակայն, որ նրան կհաջողվի պահպանել հավասարակշռությունը տարածաշրջանային հարեւանների հետ: