Ռուսաստանի Ալթայի երկրամասում քննիչներն, այսօր՝ հունվարի 14-ին, քրեական գործ են հարուցել Հայաստանի երկու քաղաքացիների նկատմամբ: Նրանք մեղադրվում են «մի խումբ անձանց կողմից կոմերցիոն կաշառքի» եւ «պաշտոնատար անձին խոշոր չափի կաշառք տալու» հոդվածների հատկանիշներով: Այս մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի Ալթայի երկրամասի քննչական վարչության մամուլի ծառայությունից:

Արթուր Մկրտչյանն ու Կարեն Հոստեգյանը հունվարի 11-ին ՆԳՆ աշխատակցին 100 հազար ռուբլի (շուրջ 3 300 դոլար) կաշառք են տվել՝ թանկարժեք մետաղներ պարունակող հանքաքարն  առանց խոչընդոտների Լեռնային Ալթայի տարածքով անցկացումն ապահովելու համար: Հաջորդ օրը ՀՀ քաղաքացիները «Ուրախ հանքավայր» ընկերության աշխատակցին 735 հազար ռուբլի են տվել, որպեսզի վերջինս թույլ տա ոսկու հանքավայրից հանքաքար վերցնեն եւ այն դուրս բերեն ձեռնարկության տարածքից: Ընդհանուր առմամբ՝ Մկրտչյանն ու Հոստեգյանը փորձել են Ալթայի հանրապետությունց դուրս բերել ավելի քան 190 կգ թանկարժեք հանքաքար, հաղորդում է «Ֆեդերալ Պրեսը»:

Հայաստանի քաղաքացիները ներկայումս ձերբակալված են, նրանց սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: