Վրաստանում համաներված «քաղբանտարկյալները» փոխհատուցում են պահանջում բանտում անտեղի անցկացրած տարիների համար: Նրանք պատրաստվում են հասնել դատախազությունում իրենց գործերի վերանայման: 

Մասնավորապես  2010թ. գողական աշխարհի հետ կապերի համար դատապարտված Վրաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գեորգի Դեմետրաձեն փոխհատուցումից բացի  կպահանջի պատժել այն մարդկանց, որոնք «սարքել» են իր գործը, հաղորդում է  «Գռուզիա օնլայնը»:

Կպայքարի նաեւ  մարմնական վնասվածքներ հասցնելու եւ խուլիգանության համար 2009թ. յոթ տարվա ազատազրկման դատապարտված Լեւան Գոգիչաիշվիլին` «Իրավահավասարության ինստիտուտի» ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Վրաստանում համաներման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2013թ հունվարի 13-ից՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիի կողմից ստորագրվելուց հետո: Նոր իշխանություների կողմից քաղբանտարկյալներ ճանաչված 190 բանտարկյալներ լքել են Վրաստանի բանտերը: Նրանց շարքում են նաեւ Ռուսաստանի օգտին լրտեսության համար դատապարտվածները:

Միեւնույն օրը Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան հայտնել էր, որ  իր առաջին պահանջներից մեկը կլինի քաղբանտարկյալների բոլոր գործերից «գաղտնի» մակագրության վերացումը: 

«Թող հասարակությունը տեսնի, թե ում էր Սահակշվիլին  լրտես եւ դավաճան անվանում: Թող հասարակությունը դատի, թե որքան ամոթալի էին սարքվել այդ գործերը: Բոլոր էջերը պետք է հրապարակային դառնան», – հայտարարել է նա:

«Այսօր Սահակաշվիլին ինչ էլ ասի, ում էլ անվանի ժողովրդի թշնամի եւ լրտես, փաստ է, որ ամենամեծ վատությունը ինքն է արել իր երկրին: Նա անձնական պատանդներ եւ բանտարկյալներ է ունեցել: Այսօր մենք ազատել ենք Սահակաշվիլիի անձնական պատանդներին եւ բանտարկյալներին», – եզրափակել է Բեսելիան: