Ռուսաստանի Պերմի շրջանում հայաստանցի 36-ամյա տղամարդը կկանգնի դատարանի առջեւ, ով մեղադրվում է իր հայրենակցի սպանության մեջ: Պերմում բնակվող հայի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, նա մեղադրվում է անօրինական զենք կրելու, սպանության եւ գողության մեջ:
Քննության տվյալներով՝ նախորդ տարվա հունվարին Պերմի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի մոտ երկու հայաստանցիների միջեւ վիճաբանություն է ծագել: Հարաբերություններ պարզելու համար նրանք ավտոմեքենաներով դուրս են եկել քաղաքի սահմաններից: Գամովո գյուղի մոտ նրանք դուրս են եկել մեքենաներից, որից հետո մեղադրյալը «Նագան» տեսակի ատրճանակից դիմահար 5 կրակոց է արձակել իր 24-ամյա հայրենակցի գլխին, հաղորդում է 59.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեի Պերմի մարզի քննչական վարչությունը:
Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար:





























