2012 թվականն առանձնացավ Ադրբեջանի ագրեսիվ հռետորությամբ, ինչպես նաեւ սահմանային շրջաններում այդ երկրի կողմից զենքի կիրառմամբ: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ղեկավար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով՝ դա ադրբեջանական արտաքին քաղաքականության նոր արտահայտությունն էր, որն ուղղված է նպատակաուղղված կերպով Ղարաբաղի հետ սահմանին լարվածության մեծացմանը: «Եթե հաշվի առնենք վերջին քաղաքական գործընթացներն Ադրբեջանում, ապա լրիվ հիմնավոր կարելի է համարել ԼՂՀ-ի վրա հարձակվելու հնարավորության հետ կապված մտավախությունները: Ադրբեջանը փորձում է իրականացնել իր ագրեսիվ մտադրությունները՝ արեւմտյան երկրների կողմից Իրանի վրա հարձակվելու դեպքում, միաժամանակ ապահովելով Իսրայելի բարենպաստ վերաբերմունքը»,-ասաց թուրքագետը:
Ինչ վերաբերում է 2013 թվականի աշնանը Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, Սաֆրաստյանը նկատեց, որ դրանից առաջ այդ երկրում կակտիվանա հակահայկական քարոզչությունը, որի նպատակը կլինի հասարակությանը համախմբել գործող նախագահ Իլհամ Ալիեւի շուրջը: «Վերջին տարվա ընթացքում ղարաբաղյան բանակցային գործընթացը կորցրել է իր ինտենսիվությունը: Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է հանդես գալ նոր նախաձեռնություններով, մեր մոտեցման հիմքում դնելով Ղարաբաղի ժողովրդավարական զարգացման միտումները, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից անընդհատ առկա ճնշումները»,-ասաց նա, անթույլատրելի համարելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման հարցում փոխզիջումները:
«Ես կարծում եմ, որ պետք է օգտագործել դա որպես Ադրբեջանին ճնշելու լրացուցիչ գործոն»,-ամփոփեց Սաֆրաստյանը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























