Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցությունը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին որեւէ մեկին չի սատարելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

Նա չցանկացավ մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը ՀԱԿ-ի քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքը տեսնում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից ազատվելը: «Երբ տեսակետը պաշտոնապես ներկայացվի, այդ ժամանակ խոսք կլինի այդ մասին»,- նշեց նա:

Գրիգոր Հարությունյանը նշեց, որ ամբողջ երկիրը ճգնաժամի մեջ է եւ դրանից դուրս գալու համար երկրին պետք է նորմալ ընտրություններ, որը այս իշխանության պայմաններում անհնար է: Հարցին,թե երկրում առկա ճգնաժամը չի շրջանցել նաեւ ՀԱԿ-ին, նա պատասխանեց, որ ՀԱԿ-ում ճգնաժամ չկա:

Ի դեպ, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը Հայաստան կվերադառնա հունվարի 20-ից հետո: Նա Գերմանիայում է, հունվարի 9-ին վիրահատվել է արդեն երրորդ անգամ: Գրիգոր Հարությունյանը նշեց, որ սա վերջին վիրահատությունն է, իսկ Ստեփան Դեմիրճյանի վիճակը լավ է:

Նշենք, որ Ստեփան Դեմիրճյանը առաջին անգամ վիրահատվել է Հայաստանում, երկրորդ  եւ երրորդ անգամ` Մյունխենի հիվանդանոցներից մեկում

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չեն ամսնկացում ընտրություններին, ոչ թեկնածու են առաջադրում, ոչ էլ սատարում են առաջադրված թեկնածուներին: Իսկ առաջադրվել է 8 թեկնածու` ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: