Մեզ անհրաժեշտ է արտաքին քաղաքականությունը կառուցել հայկական ինքնության հիմքի վրա, հաշվի առնելով, որ մենք նաեւ մերձավորարեւելյան պետություն ենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Չի կարելի է սահմանափակվել միայն խորհրդային Հարավային Կովկասի սահմաններով, պետք է ակտիվ մասնակցություն ունենալ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին»,-ասաց նա:
Անդրադառնալով դեռեւս ընդամենը խոսակցությունների մակարդակով գոյություն ունեցող Եվրասիական միությանը Հայաստանի մասնակցությանը, Սաֆրաստյանը նշեց առավել լայն քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը, որի արդյունքում մենք կարող ենք մեծացնել Հայաստանի նշանակությունը միջազգային ասպարեզում եւ ընտրություն կատարել ազգային շահերից ելնելով:
«Ներկայումս մեր երկրի անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը: Հայաստանը պետք է ակտիվացնի համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ, քանի որ այդ կազմակերպությունը միակ ռազմական հենարանն է արտաքին սպառնալիքների դեմ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այդ երկիրը ռազմական պարտավորություններ ունի միայն Թուրքիայի հանդեպ»,-ընդգծեց թուրքագետը, հավելելով, որ ներկա փուլում Հայաստանն այլընտրանք չունի Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին ու Եվրասիական միությանը:
Նշենք, որ Եվրասիական միություն, որպես այդպիսին դեռեւս գոյություն չունի: Դրա ստեղծման մասին առաջին անգամ իր հոդվածում ակնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























