Դպրոցական Էդիկ Մարկարյանի սպանության գործով դատական նիստը կկայանա հունվարի 17-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց սպանված տղայի մայրը՝ Ալլա Մարկարյանը:
Ավելի վաղ նախատեսվում էր դատական նիստն անցկացնել հունվարի 10-ին, սակայն դատավոր Լարիսա Կրուտովսկայան հետաձգել է այն, որպեսզի ուսումնասիրի քրեական գործի նյութերը, նշել է Ալլա Մարկարյանը:
Մոսկովյան թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը մահացել է 2010 թ-ի սեպտեմբերի 7-ին: Հայտնի է դարձել, որ տղան մահացել է ծեծկռտուքի ժամանակ: Կռիվը հրահրել է ազգությամբ ադրբենջացի 9-րդ դասարանցի Մամեդ Մամեդովը, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացիներ են հանդիսանում: Որոշ տվյալներով, Մամեդովը որոշ մարտական հնարքների է տիրապետում, որոնք կիրառել է Մարկարյանի հետ կռվի ժամանակ: Այնուհանդերձ, Մամեդովի դեմ քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է խրոնիկ հիվանդությամբ, ինչը ճակատագրական է եղել նրա համար:
Այս տարվա մարտին դատարանը Ալլա Մարկարյանի քաղաքացիական հայցի համաձայն որոշում է կայացրել, ըստ որի, Մամեդովի եւ Էդիկ Մարկարյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով առաջացած ստրեսային իրավիճակը Էդիկ Մարկարյանի մոտ սիրտ-անոթային անբավարարություն է առաջ բերել: Այս կապակցությամբ Մամեդովի ծնողները 500 հազար ռուբլի են վճարել: Ընդ որում դատարանը մեղավոր չի ճանաչել մանկական պոլիկլինիկային եւ Առողջապահության նախարարությանը:
Այդուհանդերձ, քննիչը երկրորդ անգամ դադարեցրել է գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Ներկայումս բողոքարկվում է քննիչի այդ որոշումը:





























