Վրաստանի վարչապետը չի բավարարի խորհրդարանական փոքրամասնության պահանջը եւ ԱԳ նախարրա Մայա Փանջիկիձեին պաշտոնանակ չի անի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին:

Քաղաքագետի խոսքով` խորհրդարանական փոքրամասնությունն  օգտագործել է Վրաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը` կառավարությանը պահանջներ ներկայացնելու համար. «Եթե խորհրդարանական փոքրամասնության յուրաքանչյուր նման պահանջ ի կատար ածվի,  դա... պարզապես իրատեսական չէ»:

Ռոնդելիի կարծիով` Փանջիկիձեն ասել է այն, ինչ պետք է ասեր, միջազգային իրավունքի շրջանակում,  սակայն նրա խոսքերը դուրս են բերվել համատեքստից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի խորհրդարանական փոսքրամասնությունը խորհրդարան է հրավիրում ԱԳ նախարարին` բացատրություններ ստանալու համար նախարարի` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հայտարարության առնչությամբ, ինչպես նաեւ պահանջում է նրա հրաժարականը:

Խորհրդարանական փոքրամասնության առաջնորդներից Ակակի Մինաշվիլին հայտարարել էր, որ Փանջիկիձեն  կոմպետենտ չէ եւ նրա գործունեությունը անհարմար վիճակի մեջ է դնում Վրաստանը:

Հիշեցնենք, օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հունվարի 10-ին Լիտվայում գտնվելիս Փանջիկիձեն իբր հայտարարել էր, թե   «ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի  տարածքային ամբողջականության օգտին»: Վրացական լրատվամիջոցները դրանից հետո ենթադրել էին, որ նման հայտարարությունը սպառնալիքի տակ կարող է դնել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի  հունվարի 17-ին նախատեսված այցը Հայաստան: Մինչդեռ, հայկական լրատվամիջոցները գրել էին, որ իրենց ադրբեջանցի գործընկերները կեղծ տեղեկություն են տարածել, եւ Փանջիկիձեն  վերոնշյալ հանդիպման ընթացում նշել էր, թե «հարգում է Ադրբեջանի  տարածքային ամբողջականությունը», սակայն Լեռնային Ղարաբաղը չէր հիշատակել: