Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին երեկ` հունվարի 15-ին, տեղի ունեցած ավտովթարի պատճառով զոհվել է 55-ամյա Գոռ Աթոյանը, ով ՀԱԿ Արթիկի տարածքային կառույցի ղեկավարն է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նրա փոխանցմամբ, Գոռ Աթոյանը նախկինում զբաղեցրել է Արթիկի սոցապ վարչության պետի պաշտոնը, սակայն վերջին տարիներին պաշտոններ չի զբաղեցրել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին` Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 15-ին, ժամը 12.32-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնել էին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում, Արթիկ քաղաքի «էկո» տաքսի ծառայությանը պատկանող «Վազ 2107» մակնիշի Տ 4795 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով ուղեւոր Գոռ Աթոյանը (մոտ 55 տ.) տեղում զոհվել է, իսկ վարորդ 51-ամյա ծնված Ա. Մողրովյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկ քաղաքի բ/կ:Հրշեջ- փրկարարները ձորից դուրս են բերել ավտոմեքենան եւ Գ.Աթոյանի դին: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:





























