Մոսկվայում լրագրողուհի Իրինա Կաբանովայի սպանությունը բացահայտելու գործում կարեւոր դեր են խաղացել ոչ միայն նրա փոքրահասակ երեխաներն, այլ նաեւ՝ դայակը։ Նա մի քանի օր ապրել է լրագրողուհու մարդասպան ամուսնու կողքին եւ, հետեւելով նրա գործունեությանը, քննիչներին հայտնել է նրա տարօրիանակ պահվածքի մասին։
53-ամյա Տատյանա Շտեֆանցեւը «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթին պատմել է, որ երբ հունվարի 4-ին կրկին եկել է Կաբանովների տուն, Իրինան արդեն չկար, իսկ Ալեքսեյն իրեն նյարդային էր պահում։ «Հունվարի 4-ի ամբողջ օրը Լյոշան ինձ եւ երեխաներին թույլ չէր տալիս լոգարան մտնել։ Ասում էր, որ այն կոտրվել է։ Դե, պատահում է։ Բայց ես նկատեցի, որ նա ինչ-որ կերպ խորամանկորեն դրսից կողպել էր այն։ Իսկ մեզ անընդհատ դուրս էր ուղարկում՝ գնացեք մի քիչ զբոսնելու»,- հիշել է Տատյանան։
Հիմա հասկանալի է, որ ամբողջ օրն Ալեքսեյը լոգարանում մասնատել էր դիակը եւ վախեցել, որ իրեն կհայտնաբերեն։ Ամբողջ օրվա ընթացքում Ալեքսեյը տնից վանդակավոր մեծ պայուսակներով «աղբ» էր դուրս հանում։
Իսկ հունվարի 6-ին կամ 7-ին (կինը հստակ չի հիշում) նա նկատել է, թե ինչպես է 2-ամյա Դաշան խաղում մոր բանալիների հետ։ «Պարզվել է, որ նա դրանք գտել է միջանցքում։ Երբ Լյոշան տեսավ այս ամենը, նա ուղղակի գունատվեց»,- հիշել է Տատյանան։ Դրանից առաջ նա ասել էր, որ իր կինը գնացել է տնից, եւ փակել է դուռը, այսինքն բանալիները պետք է նրա մոտ լինեին։
Նոր սարսափելի բացահայտումը Տատյանայի համար եղել է այն, որ խոհանոցային դանակները բթացել էին, իսկ պահարանների միջից անհետացել էին սավանները (ավելի ուշ պարզվել է, որ դրանցով Կաբանովը ծածկել է վաննան, որ դրանք ներծծեն արյունը): Իսկ երբ մի անգամ դարակից ընկել է գործիքների արկղը, որտեղ մարդասպանը թաքցրել էր կնոջ անձնագիրը, Ալեքսեյն ուղղակի մի կողմ է հրել Տատյանային։
Իր բոլոր կասկածների եւ տեսածների մասին դայակը ճշգրտորեն պատմել է քննիչներին։ Իսկ վերջիններս խնդրել են նրան ոչ մի դեպքում Ալեքսեյին չպատմել իր կասկածների մասին եւ ավելորդ հարցեր չտալ։
«Ամսի 8-ից ես արդեն ենթագիտակցորեն հասկանում էի, որ դա նա է»,-ավելացրել է Տատյանան ու հավելել. «Բայց երեխաներին լքել ես չէի կարող։ Ես նույնիսկ նրանց գրեթե հագնված էի պահում, որ եթե հանկարծ նա որոշի մեզ հետ եւս հաշիվները մաքրել՝ դուրս վազենք փողոց եւ շտապենք ոստիկանություն»:





























