Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բավարարել է արտգործնախարար Մայա Փանջիկիձեի դիմումը՝ արտասահմանում Վրաստանի մի շարք դեսպանների պաշտոնանկ անելու մասին:

Ավելի վաղ` հունվարի 14-ին, նախագահին ուղղված նամակում Փանջիկիձեն միջնորդել էր Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ավելի քան քսան  ղեկավարների պաշտոնանկ անելու համար: Նրանք են՝ Վրաստանի դեսպաններն Ուկրաինայում, Լատվիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ավստրիայում եւ ԵԱՀԿ-ում: Բացի դրանից, ԱԳՆ-ի ղեկավարը առաջարկել է ազատել ԱՄՆ-ում, Բելգիայում եւ ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Լիտվայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Թուրքիայում, Չինաստանում Վրաստանի դեսպաններին, ինչպես նաեւ ՄԱԿ-ում եւ ԵՄ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչներին:

Ըստ Վրաստանի Սահմանադրության` դեսպանին պաշտոնից ազատում է երկրի նախագահը` ԱԳՆ-ի ղեկավարից ստացված համապատասխան փաստաթղթի հիմքով: Արտգործնախարարի առաջարկով, նոր դեսպանի թեկնածությունը նախագահի կողմից հաստատման համար ներկայացվում է խորհրդարան:  

«Նախագահն արդեն ստորագրել է արտգործնախարարի նամակը», - նշել են մամուլի ծառայությունում:

Վրաստանի ԱԳՆ-ի ղեկավարի նամակում ընդգծվել էր, որ իր միջնորդությունը բավարարվելու դեպքում արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների նոր թեկնածությունները կներկայացվեն անհապաղ: