Ռուսաստանից Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախկին տնօրեն Ելենա Կոտովան եւ ՎՏԲ-ի նախկին ավագ փոխնախագահ Իգոր Լեբեդեւը մեղադրվում են առեւտրային կաշառք վերցնելու փորձի մեջ:

Քննիչները կարծում են, որ նրանք մտադիր էին 95 միլիոն դոլար ստանալ՝ ընկերությանը վարկ ստանալու հարցում աջակցելու համար, գրում է  «Կոմերսանտը»:

Ենթադրվում է, որ ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի անդամ Կոտովան գործարարներին վարկի տրամադրման դրական վճիռ է երաշխավորել` տրամադրված գումարի 1,5%-ի չափով  «ատկատի» դիմաց, որը մոտավորապես 1,42 միլիոն դոլար էր կազմում:

ՎԶԵԲ-ում կոռուպցիոն սկանդալը ծագել էր 2010թ. դեկտեմբերին: Պարզվել է, որ ՎԶԵԲ-ի ներքին անվտանգության ծառայությանն էր  դիմել ՌԴ-ի Հանրային պալատի նախկին անդամ եւ ռուսաստանցի, այժմ Կանադայի քաղաքացի Սերգեյ Չերնիկովը`հանքարդյունահանող CanBaikal Resources ընկերության սեփականատերը:

Նա բողոքել էր, որ ՎԶԵԲ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն իրենից գումար է պահանջել` վարկ տրամադրելու դրական որոշումն ապահովելու դիմաց: Սեփական ստուգումների նյութերը բանկը փոխանցել էր Սքոթլանդ Յարդին, որից հետո պատմությունը հանրային արձագանք էր ստացել: 

Ըստ քննության վերջնական վարկածի` վարկ ստանալու բանակցությունները տարվել են մեկ տարի, որպես միջնորդ հանդես է եկել ՎՏԲ-ի նախկին ավագ փոխնախագահ Իգոր Լեբեդեւը: Կոտովան մինչեւ Ռուսաստանից ՎԶԵԲ-ի տնօրեն նշանակվելը 2005թ. մայիսին եղել է ՎՏԲ-ի փոխնախագահ:

Ըստ Կոտովայի փաստաբան Սերգեյ Միրզոյեւի` հետաքննության ընթացքում իր պաշտպանյալի մեղքի ապացույց դեռեւս չի հայտնաբերվել: Նա կարծում է, որ Կոտովայի մասնակցությամբ աղմուկը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ նրա պաշտոնը ոչ բոլորին է ձեռնտու եղել: