Վրաստանի հայ համայնքը կարող է ամբողջությամբ վստահ լինել, որ նախընտրական շրջանում իրենց տրված խոստումները կկատարվեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում նախընտրական շրջանում վիրահայերի աջակցությունը եւ արդյոք կիրագործվեն այդ շրջանում տրված խոստումները:

Իվանիշվիլիի խոսքով՝ նախընտրական շրջանում ինքն այցելել է Վրաստանի բոլոր հայաբնակ շրջաններ, որտեղ ջերմ ընդունելության է արժանացել: «Դրանք շատ ջերմ հանդիպումներ էին, որոնց ընթացքում հայերն զգացել են իմ ջերմ վերաբերմունքը իրենց հանդեպ: Վրաստանի հայերը կարող են վստահ լինել, որ նախընտրական ծրագրերը կյանքի կկոչվեն: Հայերը Վրաստանում պետք է զգան ինչպես իրենց հայրենիքում»,-ասել է Իվանիշվիլին: Միաժամանակ Վրաստանի վարչապետը նշել է, որ իր շրջապատում շատ հայ ընկերներ ունի:

 

Լուսանկարն՝ Արսեն Սրագսյանի/NEWS.am