«Ադրբեջանը դեռեւս ռազմական գործողություններ չի սկսել միայն երկու պատճառով. նախ` կա հոգեբանական գործոն: Նման լուրջ գործողությունից առաջ Բաքուն պետք է կշռադատի իր քայլերը: Երկրորդ` Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Այստեղ հարկ է ընդգծել, որ Ադրբեջանը վաղուց վստահություն չունի Երեւանի հանդեպ: Բաքվում ապրում է Ռուսաստանի հանդեպ հույսը, եւ` որ նա համենայն դեպս կօգնի Ադրբեջանի օգտին ղարաբաղյան հարցի լուծմանը: Եթե այդ հույսն էլ մեռնի, ապա Ադրբեջանն, անկասկած, ռազմական գործողություններ կսկսի Հայաստանի հետ»:
Այս ակնհայտ հոգեգարության հեղինակը ոչ այլ ոք է, քան` ադրբեջանցի «հայտնի քաղաքագետ» Մուբարիզ Ահմեդօղլուն:
Անկախ այն բանից, թե ի՞նչ առիթով է նա նման «մեկնաբանություն» արել, սույն մեջբերումը խիստ հետաքրքիր է նրանով, որ.
-պարզվում է, այս ամբողջ ժամանակահատվածում պաշտոնական Բաքուն ոչ թե բանակցություններ է վարում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցում գտնվի բոլոր կողմերին բավարարող լուծում, այլ որոնում է մի ազդեցիկ հովանավոր, որի միջոցով հնարավոր կլինի խնդիրը լուծել բացառապես իր օգտին:
-եւ եթե այդպիսի հովանավոր չգտնվի, Ադրբեջանը պատերազմ կսկսի:
Պետք է խղճալ այն ժողովրդին, որի «պայծառ ուղեղները» դեռեւս շարունակում են հուսալ, որ հնարավոր է աշխարհում գտնել մի երկիր, որն Ադրբեջանի փոխարեն պիտի լուծի Ադրբեջանի խնդիրները:
Սա, իհարկե, դժբախտություն է: Բայց ի՞նչ անես, եթե իրենք սեփական դժբախտությունը չեն հասկանում, իսկ նրանց, ովքեր փորձում են դա հասկացնել, համարում են «ադրբեջանական ժողովրդի թշնամի»:
Մի երկիր, որ գոյությամբ եւ «միջազգայնորեն ճանաչված սահմանների» համար պարտական է ուրիշներին, իհարկե այդպես պիտի մտածի: Չէ՞ որ «Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը» Թուրքիան է ստեղծել, խորհրդային Ադրբեջանը` բոլշեւիկյան Ռուսաստանը: Չէ՞ որ 1921թ. Ադրբեջանը միանգամից երկու թանկ նվեր է ստացել` Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղը: Չէ՞ որ խորհրդային կայսրության զորքերի միջոցով է, որ 1991թ. Ադրբեջանին հաջողվել է «ազատագրել» հայկական ավելի քան քառասուն գյուղ` Լեռնային Ղարաբաղում, Շահումյանի շրջանում եւ Գետաշենում:
Էլ ի՞նչ պիտի մտածի այդ երկրի «քաղաքագետը», եթե ոչ այն, որ ռուսաստանյան «Գազպրոմ»-ին մի քանի միլիարդ խմ գազ վաճառելու դիմաց հնարավոր է, որ Մոսկվան «հօգուտ Ադրբեջանի» լուծում պարտադրի: Չէ՞ որ սույն «քաղաքագետը» դեռեւս անցյալ տարի, խոսելով ռուս- թուրքական հարաբերությունների մասին, բացահայտ ասել է, որ «Էրդողանը մեր ժամանակների Աթաթուրքն է»: Կարի՞ք կա մեկնաբանելու, թե ինչ է նա ակնարկել: Թերեւս` ոչ, քանի որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ընդունելով նույն Էրդողանին, պարզ հասկացրեց, որ Մոսկվայում ոչ ոք մտադիր չէ «Լենին դառնալ»: Գոնե` Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի հարցում:
Այսքանը բավակա՞ն չէր, որպեսզի ահմեդօղլուները հասկանան, որ ժամանակները եւ մոտեցումները փոխվել են: Որ Հայաստանը եւ հայ ժողովուրդն էլ այն չեն, ինչ էին Աթաթուրքի եւ Լենինի օրոք: Որ Հայաստանն Ադրբեջանի հետ որեւէ խնդիր չունի: Խնդիրներ ունեն Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Որ Ադրբեջանը մեկ անգամ արդեն իսկ փորձել է դրանք լուծել պատերազմի միջոցով: Որ, վերջապես, սեփական ժողովրդին պատերազմի մղելը նույնպես ծանր հանցագործություն է, եւ դրա համար մի գեղեցիկ օր պատասխան պիտի տրվի: Եթե ոչ` ամբողջ մարդկությանը, ապա գոնե` այն նույն ժողովրդին, որին եւս մեկ անգամ «թնդանոթի միս» է ուզում դարձնել Մուբարիզ Ահմեդօղլուն: Ի դեպ, սույն քաղաքագետի անունը թարգմանաբար նշանակում է «մարտիկ»: Բացառված չէ, որ նման հայտարարություններով նա ձգտում է ինքնահաստատվել: Բայց չէ՞ որ ժամանակին ավելի ջահել էր եւ կարող էր մարտադաշտում «ապացուցել», որ իրոք «քաջարի զինվոր» է: Թե՞ գերադասում է լրատվական դաշտում հերոսություն խաղալ:
Վահրամ Աթանեսյան




























