Թբիլիսիի Գլդանի բանտում բռնությունների սկանդալային տեսագրությունների հեղինակ Վլադիմիր Բեդուկաձեն նոյեմբերի 18-ին Եվրոպայից վերադարձել է Վրաստան եւ ժամանելուն պես ձերբակալվել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
«Գռուզիա օնլայնը» գրում է, որ Բեդուկաձեն ցուցմունք տալու համար է վերադարձել հայրենիք:
Բեդուկաձեի փաստաբանը հայտնել է, որ նրան հենց Գլդանի բանտ են տարել, նա պատրաստ է համագործակցել քննության հետ, բռնության տեսարանների լրացուցիչ կադրեր տրամադրել եւ ցուցմունք տալ պատվիրատուի վերաբերյալ:
Ըստ փորձագետների՝ նրա ցուցմունքների հիմքով կհաջողվի քրեական պատասխանատվության ենթարկել Սահակաշվիլիի կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների եւս: Այսօր փաստաբանները Բեդուկաձեին գրավի դիմաց ազատելու միջնորդությամբ կդիմեն դատարան:
Հիշեցնենք, Բեդուկաձեի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2012թ. սեպտեմբերի վերջին: Գլդանի բանտում նրա նկարահանած կադրերը Սահակաշվիլիի եւ նրա կողմնակիցների դեմ բողոքի ցույցեր էին հրահրել, երկու նախարարի հրաժարականի հանգեցրել: Բեդուկաձեն նախքան այդ տեսագրությունների հրապարակումը մեկնել էր Բելգիա:





























