Հայաստանի Զինված ուժերը 2012թ. սահմանների պահպանության իրենց առաջադրանքը կատարել են նվազագույն կորուստներով: Այդ մասին այսօր՝ հունվարի 18-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա, չնայած սահմանային միջադեպերին եւ հակառակորդի կողմից սադրիչ գործողություններին, անձնակազմը կատարել է սահմանների պահպանության առաջադրանքը: «Նվազագույն կորուստներով կասեցվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունները: Բացի այդ, հակառակորդին զգալի, ասիմետրիկ վնաս է հասցվել», - ընդգծել է նախարարը:
Նախորդ տարի տեղ գտած դիվերսիոն գործողություններից հետո ինժեներական կառույցների, մարտական հաշվարկների կատարելագործման, անձնակազմի պատրաստականության բարձրացման աշխատանք է կատարվել: Նախարարը նշել է, որ դիվերսիայի վտանգ միշտ էլ կա, սակայն զինծառայողների զգոնությունը բարձրացնելու աշխատանքներ են տարվում:
Հայաստանի Զինվորական դատախազության տվյալներով՝ 2012թ. ադրբեջանական կողմի գործողություններից 12 հայ զինծառայող է զոհվել:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ 2012թ. Ադրբեջանի ԶՈՒ 97 զինծառայող է զոհվել, որոնցից 77-ը ոչ մարտական կորուստներ են եղել:





























