Մեծ թատրոնի հոգաբարձուների խորհւորդը որոշել է բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինին բուժման ուղարկել արտասահմանյան հիվանդանոցներից մեկը:
«Որոշումն ընդունվել է, հիմա մենք ընտրում ենք երկիրը, որտեղ նրան կուղարկենք: Ավելի հավանական է, որ դա կլինի Գերմանիան կամ Իսրայելը»,- «Ինտերֆաքսին» ասել է Մեծ թատրոնից:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ի ուշ երեկոյան Մոսկվայի Մեծ թատրոնի գլխավոր բալետմեյստեր Սերգեյ Ֆիլինը հարձակման է ենթարկվել: Նրա դեմքին ծծմբաթթու են լցրել:
Հարձակումը կատարվել է Մոսկվայի նրա տան մոտ`23.40-ին: Նա այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մինչ այդ Ֆիլինին անհայտ անձինք բազմիցս սպառնացել էին, հայտնում է gazeta.ru-ն:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինն աչքերի եւ դեմքի երրորդ կարգի այրվածք է ստացել: Ըստ բժիշկների կանխատեսման` ամբողջական վերականգնման համար Ֆիլինին անհրաժեշտ կլինի առնվազն կես տարի:
Նրա գործընկերներն ու լրատվամիջոցները քննարկում են հարձակման դրդապատճառները: Մեծ թատրոնում չեն կասկածում, որ հարձակումը կապված է նրա պրոֆեսիոնալ գործունեության եւ թատերական փառքի համար պայքարի հետ:
Ֆիլինի գործընկերները պատմել են, որ ավելի վաղ նա սպառալիքներով հեռախոսազանգեր է ստացել, իսկ երեկ առավոտյան անհայտ անձինք ծակել են նրա ավտոմեքենայի անվադողերը: Բացի այդ, չարագործները խազեր են արել մեքենայի վրա, նաեւ կոտրել են նրա էլեկտրոնային փոստը եւ Facebook-ի էջը, որտեղ նրան վարկաբեկող տեքստ են տեղադրել:
Մեծ թատրոնի մամուլի ծառայության ղեկավար Կատերինա Նովիկովայի խոսքով, թատրոնում երբեք չեն մտածել, որ «ոչ թե անշարժ գույքի կամ նավթի, այլ թատրոնում դերերի համար պատերազմը կարող է հասնել նման մակարդակի»: Ավելի վաղ համացանցում լուրեր էին շրջում, որ Մեծ թատրոնում խնդիրներ կան:
Տուժածի հարազատները գլխի են ընկնում, թե ով է կանգնած այս ամենի թիկունքում: «Ես գիտեմ, թե ով է այդ մարդը եւ անպայման կհայտնեմ նրա անունն իրավապահներին: Իմ որդուն սպառնացել են հեռախոսով, հատկապես ակտիվ են եղել վերջին ամիսներին»,-ասել է Ֆիլինի մայրը՝ Նատալյան:





























