Դատարանը մինչեւ մարտի 23-ը երկարացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գույքային հարաբերությունների բաժնի նախկին պետ, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի մտերիմ Եվգենյա Վասիլեւայի տնային կալանքի ժամկետը: Նա եւ նրա փաստաբանները խնդրել են չերկարացնել խափանման միջոցը: Քննիչը պնդել է, որ պաշտպանության նախարարության գույքի յուրացման գործի կասկածյալ Վասիլիեւան կարող է փախչել քննությունից կամ ազդել դրա ընթացքի վրա, հայտնում է «Վեդոմոստին»:
Վասիլեւան տնային կալանքի տակ է գտնվում նոյեմբերի 23-ից: Նրան առանձնակի խոշոր չափերի մեքենայության մեղադրանք է ներկայացվել:
ՆՏՎ-ն հիշեցնում է, որ Վասիլեւան տնային կալանքը կրում է էլիտար շենքի բնակարանում, որի շքեղությունը ցնցել էր խուզարկում իրականացնող իրավապահներին: Վասիլեւայի մոտ հայտնաբերել էին ավելի քան 3 միլիոն ռուբլի, հնաոճ իրեր, տասնյակ կտավներ, թանկարժեք քարեր եւ ոսկեղեն:
Պաշտպանության նախարարության գույքային հարաբերությունների բաժնի նախկին պետ Եվգենյա Վասիլիեւան մեղադրվում է ռազմական գերատեսչության գույքի հետ կապված մեքենայությունների մեջ: Քննիչները կարծում են, որ նա խառն է «Օբորոնսերվիսի» դուստր ձեռնարկությունների 360 միլիոնի գույքի յուրացմանը: Նրան մինչեւ վեց տարվա ազատազրկում է սպառնում:




























