Հայ ազգային կոնգրեսի անդամ «Հայոց հայրենիք» կուսակցությունը այս պահին որեւէ թեկնածուի սատարելու որոշում չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայոց հայրենիք» կուսակցության փոխնախագահ Անահիտ Եղոյանը: Հարցին, թե ինչու «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին չեք սատարում, նա նշեց, որ կուսակցությունում քննարկումներ, խոսակցություններ կան, բայց առայժմ որոշում չունեն եւ մնում են ՀԱԿ հայտարարության շրջանակում:
Ինչ վերաբերում է Պետրոս Մակեյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության` ՀԱԿ քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերի վերաբերյալ փաստաթղթին, որտեղ, լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, նշվում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից ազատվելու մասին, նա նշեց, որ ՀԱԿ-ում քաղաքական ճգնաժամ չի տեսնում: «ՀԱԿ-ում առողջ քննարկումներ են տեղի ունենում, ՀԱԿ-ը կոմայի մեջ չէ, ինչպես նշում են որոշները, իսկ Պետրոս Մակեյանը թող ներկայացնի: Կան բացթողումներ, թերություններ, որոնք կարելի է ճշտել, ուղղել: Լեւոն Զուրաբյանի հրաժարականի անհրաժեշտությունը չկա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանի` ՀԱԿ համակարգողի ինստիտուտը վերացնելու առաջարկին, ապա նա դեմ է դրան:




























