Ադրբեջանական լրատվամիջոցներում Ռուսաստանի՝ Հայաստանին տրվող զենքի քանակն ավելացնելու մասին տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ 

Նրա խոսքով՝ տեղեկությունը հավաստի չէ նաեւ այն առումով, որ «այնտեղ նշված չէ համալիր բնույթը»։

Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դա երկու երկրների ներքին խնդիրն է։ «Մենք հետեւել ենք գործընթացին եւ տեսել ենք, որ կողմերը համաձայնության չեն հասել եւ կայանի աշխատանքը դադարեցվել է։ Թե որտեղ տեղակայել նոր կայանը, կորոշի Ռուսաստանի ղեկավարությունը»,- նշել է նախարարը։ Ճշտող հարցին, թե Հայաստանը կցանկանա՞ր իր տարածքում տեսնել այդպիսի կայան, Սեյրան Օհանյանը պատասխանե է. «Մենք դեմ չէինք լինի»։

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանին, ապա Օհանյանը նշել է, որ 2010 թվականի օգոստոսին Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները պայմանագիր են կնքել, որում կրկին հաստատել են, որ ռազմակայանը երկար ժամանակով դեռ շարունակելու է ՀՀ ԶՈւ-ի հետ պատասխանատվություն կրել Հայաստանի անվտանգության համար։ Ինչպես նշել է Օհանյանը, ռազմակայանը կատարում է իր դերը՝ հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ հարեւան պետությունների նկրտումները։

Հիշեցնենք, որ 102-րդ ռուսական ռազմակայանի՝ Հայաստանի տարածքում մնալու պայմանագրի գործունեության ժամկետը երկարացնելու արձանագրության համաձայն, ռուս զինվորները ՀՀ-ում կմնան մինչեւ 2044 թվականը։