Հայաստանի հանրապետության էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 2012 թ. դեկտեմբեր ամսին պատասխանատվության միջոց է կիրառել 19 տնտեսվարողի նկատմամբ՝ ընդհանուր առմամբ 16,1 մլն դրամի չափով: Այդ մասին տեղեկատվությունը զետեղված է տեսչության պաշտոնական կայքէջում:
Ամենախոշոր տուգանքը՝ 8 մլն դրամ, կիրառվել է ոսկու արտադրությամբ եւ առեւտրով զբաղվող «Վաղարշ եւ որդիներ» ընկերության նկատմամբ: Ընկերությունում օգտագործվող կշեռքները ստուգաչափված չեն եղել, իսկ թանկարժեք մետաղներից պատրաստված որոշ իրեր իրացվել են առանց համապատասխան տարբերանշանի եւ տեղեկատվական տիպակի:
Խոշոր՝ 4 մլն դրամի տուգանք է կիրառվել նաեւ «Ղ-Տելեկոմ» ընկերության նկատմամբ՝ մոդեմը առանց համապատասխանության սերտիֆիկատի իրացնելու համար:
«Միկա քորփորեյշնը» տուգանվել է 1,7 մլն դրամով՝ վառելիքը չի համապատասխանել տեխնիկական կանոնակարգի պահանջներին; Նշենք, որ ընկերությունը 22 բենզալցակայան եւ 2 բազա ունի:
Մյուս ընկերությունների նկատմամբ կիրառված տուգանքները տատանվում են 100-300 հազ. դրամի սահմաններում:





























