Վրաստանի իշխանությունները տեղյակ չեն «Դեդ Հասանին» Թբիլիսիում թաղելու պլանների մասին: Այս մասին «Նորությունների ռուսական ծառայության» ուղիղ եթերում հայտարարել է «Ռոսիա-24» լրատվական հեռուստաալիքի թբիլիսյան թղթակից Վասիլի Մատուան:
«Իմ գործընկերները դիմել են Վրաստանի Գլխավոր դատախազությանն ու ՆԳՆ-ին եւ այնտեղից պատասխան ստացել, որ տեղեկություն չունեն, որ քրեական հեղինակությանը, հնարավոր է, թաղեն Թբիլիսիում»,-ասել է թղթակիցը: Նման տեղեկություն չունի նաեւ Թբիլիսիի գերեզմանոցի տնօրինությունը:
Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան», Վրաստանի ՆԳՆ-ն ժամանակավրեպ է համարում «Դեդ Հասանի» Թբիլիսիում հողարկավորելու վերաբերյալ լուրերի վերաբերյալ մեկնաբանություններ տալը:
«Ասում են, որ եթե նրա («Դեդ Հասանին»-խմբ) հուղարկավորությունը կայանա Վրաստանում, ապա այդ արարողությանը կմասնակցեն նաեւ այլ քրեական հեղինակություններ: Դե թող պարզվի, թե ով է գալիս եւ ում են հուղարկավորում, որից հետո ՆԳՆ-ն անհրաժեշտ հայտարարություններ կանի եւ գործողությունների կդիմի»,-հունվարի 18-ին հայտարարել են նախարարության մամուլի ծառայությունում:




























