Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկության վարչության պետի պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչության պետի տեղակալ Գուրգեն Թեբելիկյանը:
Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր մտահոգությունն էր հայտնել բժշկական ծառայության ոլորտում առկա խնդիրների առնչությամբ: Հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում նախարարը տեղեկացրել էր Ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ նշված ծառայության աշխատանքի բարելավման հարցով նախօրեին կայացած սելեկտորային խորհրդակցության մասին:
Իսկ Ռազմաբժշկական վարչության նախկին պետ Արտաշես Փարսադանյանը պատասխանել էր NEWS.am-ի մի քանի հարցերին` անդրադառնալով իր պաշտոնանկությանը եւ ասելով, թե իրեն աշխատանքից ազատել են տարիքի պատճառով:





























