Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսինը` սահմանապահ ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեն հունվարի19-ի լուսաբացին Մյունխենից Թբիլիսի է վերադարձել: Ավելի վաղ` 2012 թվականի դեկտեմբերի 5-ից նա Վրաստանի խորհրդարանի կողմից քաղաքական աքսորյալ էր ճանաչվել:

«Գլխավորը` արդարության վերականգնումն է: Հաճելի է, որ այդ գործընթացն արդեն սկսվել է, եւ մենք այն պետք է ավարտին հասցնենք»,- Թբիլիսիի միջազգային օդանավակայանում լրագրողներին հայտարարել է Բադրի Բիցաձեն:

Բադրի Բիցաձեի վերադարձն ակնկալվում էր ավելի վաղ, սակայն, չվերթը հետաձգվել էր Եվրոպայում վատ եղանակի պատճառով, հաղորդել է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Բիցաձեն իր կնոջ` Նինո Բուրջանաձեի ղեկավարած «Ժողովրդավարական շարժում-Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկն էր, եւ Վրաստանը լքել էր 2011 թվականի մայիսին, իսկ նույն թվականի օգոստոսին նա ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել: Գործի նյութերի համաձայն` Բիցաձեին է վերագրվել «Երդվյալների» կիսազինված խմբավորումը, որի առաջ խնդիր էր դրվել` բողոքի ցույցի ժամանակ մականներով եւ այլ առարկաներով զինված հարձակում գործել ոստիկանության աշխատակիցների վրա: Ռուսթավելի պողոտայում իրավապահ մարմինների կողմից բողոքի ցույցը ցրելուց հետո` 2011 թվականի մայիսի 26-ի գիշերը Վրաստանի ՆԳՆ-ն հրապարակել է կալանավորվածների խոստովանական ապացույցները` կազմակերպված սադրիչ, ինչպես նաեւ զինված գործողությունների մասին: Կալանավորվածների մի մասը վկայություն է տվել Բիցաձեի դեմ:

2012 թվականի դեկտեմբերին նա Վրաստանում քաղաքական աքսորյալի կարգավիճակ է ստացել, իսկ 2013 թվականի հունվարին, երբ Գլխավոր դատախազությունը չեղյալ է հայտարարել նրա դեմ մեղադրանքը, նրան «Ներման» օրենքին համապատասխան ներում է շնորհվել: