Եթե հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը անհաջողության մատնվի, այն կարող է լրջորեն ազդել Միացյալ Նահանգներ — Թուրքիա հարաբերությունների վրա: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է 2001-2004 թթ.. հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախագահ, ամերիկացի քաղաքագետ Դեւիդ Ֆիլիփսը։
«Հավատում եմ, որ Օբամայի վարչակազմը ճնշում է գործադրում թուրքերի վրա ամենաբարձր մակարդակով։ Եվ եթե արձանագրությունները վավերացվեն Անկարայում, ապա այդ ճնշումը կնվազի»,- նշել է քաղաքագետը:
Ըստ Ֆիլիփսի՝ դեռեւս Բուշ-կրտսերի վարչակազմի օրոք ամերիկյան պաշտոնյաներն իրենց թուրք գործընկերներին մշտապես մատնացույց էին անում հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտությունը` ավելացնելով, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի դիրքրոշումը որոշակի «էվոլյուցիայի ենթարկվեց»:
«ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգի այցը Երեւան հստակ ցուցիչ է, որ Բարաք Օբամայի վարչակազմը հասկանում է հարցի կարեւորությունը եւ կարիք ունի բարձրացնելու իր ներգրավվածության մակարդակը: Մոտ ապագայում այս լծակի կիրառումը պետք է ակտիվացվի», — ասել է Ֆիլիփսը՝ միեւնույն ժամանակ նկատելով, որ Երեւանը սխալ թույլ կտա, եթե չեղյալ հայտարարի արձանագրությունները: «Ամեն դեպքում Հայաստանի իշխանությունները պետք է ամեն հնարավորը անեն` հաստատելու իրենց վճռականությունը գործընթացի նկատմամբ։ Կարծում եմ, Հայաստանի նախագահը կարող է ներկայացնել արձանագրությունները Ազգային ժողովին` առանց քվեարկության դնելու անհրաժեշտության։ Ու եթե դրանից հետո էլ թուրքական կողմը որեւէ քայլ չձեռնարկի, Հայաստանը կարող է ասել, որ ինքը ամբողջովին կատարել է իր պարտավորությունները եւ պատրաստ է առաջ ընթանալու։ Այդ դեպքում դիվանագիտական ձախողման պատասխանատվությունը կընկնի Անկարայի վրա»,- նշել է ամերիկացի քաղաքագետը:
Ըստ Ֆիլիփսի՝ արձանագրությունների վավերացման վերջնաժամկետը Հայոց ցեղասպանության տարելիցն է` ապրիլի 24-ը: Քաղաքագետը նկատել է նաեւ, որ Թուրքիայում չարաչար սխալվում էին, եթե կարծում էին, որ արձանագրությունների ստորագրմամբ կխոչընդոտվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ ամերիկացի քաղաքագետը նշել է, որ հայ-թուրքական արձանագրություններում Ղարաբաղի մասին որեւէ տող չկա:




























