«Ամենայն հավանականությամբ „Ժառանգության“ արտահերթ համագումարը տեղի կունենա մարտ ամսին, կամ ապրիլի սկզբին»,- փետրվարի 5-ին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հարցին, թե ինչպե՞ս հասկանալ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ այդ համագումարի արդյունքում տեղի է ունենալու կուսակցության բյուրեղացում, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Բյուրեղացումը լինելու է ոչ թե կադրերի հարցում, այլ վարչության փոփոխությամբ: Հնարավոր է ամբողջ կազմը փոխվի, հնարավոր է` մասամբ»:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ հավելեց, որ կլինի նաեւ ծրագրերի հստակեցում, որը էլ ավելի արդյունավետ կդարձնի իրենց գործունեությունը: