Մարսի մակերեսի խորը խառնարաններում առկա է կավի այն տեսակը, որը կարող է ձեւավորվել միայն խորքային ջրերի առկայության պարագայում։ Թուսոնի (ԱՄՆ) մոլորակաբանության ինստիտուտի աստղագետ Ջոզեֆ Միխալսկու գլխավորությամբ գործող խումբը Nature Geoscience-ում հոդված է հրապարակել, որում նշվում է, որ կավը Մարսի վրա խորքային ջրերի առկայության մասին է վկայում, ինչն իր հերթին նշանակում է, որ մոլորակում հնարավոր է հեղուկ ջուր, հետեւաբար կյանք եղած լինի։

NEWSru.com-ի փոխանցմամբ՝ գիտնականները կարծում են, որ Մարսի վրա վաղ շրջանում (Նոյի դարաշրջան՝ 3,8 - 3,5 մլրդ տարի առաջ) եղել են օվկիանոսներ եւ գետեր, սակայն մոլորակի չափերը նրան թույլ չեն տվել ձեւավորել բավականաչափ մեծ մթնոլորտ, ինչի արդյունքում ջուրն աստիճանաբար անհետացել է։

Գիտնականները կավը հայտնաբերել են Մաքլաֆլինի խառնարանում։ Կավում հայտնաբերվել է մագնիումի եւ երկաթի աղեր, որոնք առանց ջրի մոլեկուլի ազդեցության չեն կարող առաջանալ։

Մարսի հետազոտողներն առաջարկում են հաջորդ մարսագնացն ուղարկել հենց Մաքլաֆլինի խառնարանի մոտ, որն ունի 2 կմ խորություն։ Այդ խորությունը բավականաչափ նպաստավոր է, Մարսում կյանքի հետքերի որոնման համար։