ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով, Ադրբեջանը Հայաստանին պատերազմ չի հայտարարում ոչ թե այն պատճառով, որ թույլ է կամ անվստահ, այլ միայն այն պատճառով, որ զգում է իր շահեկան դիքերը քաղաքականության մեջ։ «Ադրբեջանը գիտակցում է, որ դիվանագիտական ասպարեզում մեծ առավելություն ունի, եւ պատերազմ սկսելով՝ կարող է կորցնել իր դիրքերը»,- հայտարարեց Հովհաննես Իգիթյանը՝ ավելացնելով, թե Ադրբեջանը տեսնում է, որ հարցը քաղաքական դաշտում լուծվում է ի օգուտ իրեն։

ՀՀՇ-ական գործչի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվում է առանց Հայաստանի եւ Ղարաբաղի կարծիքը հաշվի առնելու։ «Բայց ամենավատն այն է, որ Եվրոպայում այս հարցի շուրջ ձեւավորված մթնոլարտը Հայաստանի համար նպաստավոր չէ։ Այնտեղ կարծում են, որ Հայաստանը բռնի ուժով զավթել է Ադրբեջանի մի կտորը եւ ինչ-ինչ պատճառներով իր վերահսկողության տակ է պահում այն, իսկ ՀՀ իշխանությունները, զբաղված լինելով ներքին խնդիրներով, ուշադրություն չեն դարձնում սրան եւ չեն կարծում, որ սա անդառնալի կորուստ կարող է լինել»,- հայտարարեց Հովհաննես Իգիթյանը։