Հայաստանի զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 25-28-ին տեղի կունենան մի շարք միջոցառումներ: ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակել է միջոցառումների ցանկը:

Հունվարի 25-ին`

Ժամը 15.00-ին.

ՀՀ ԶՈւ կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգեւներ:

Ժամը 17.00-ին.

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի շնորհանդես ՀՀ ՊՆ վարչական համալիրում:

Հունվարի 26-ին

Ժամը 11.00-ին.

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ ԵՊՀ նիստերի դահլիճում, «Արիության դասի» անցկացում:

Ժամը 12.00-ին.

ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների, սպորտի եւ երիտասարդության նախարարությունների, ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2012թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփիչ խորհրդակցություն ԵՊՀ նիստերի դահլիճում:

Հունվարի 27-ին

Ժամը 11.00-ին.

ՀՀ ԶՈւ կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված Սուրբ պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Պատարագին մասնակցելու են նաեւ սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ:

ՀՀ զինված ուժերին նվիրված գոհաբանական մաղթանք կմատուցվի ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում եւ զորամասերի մատուռներում:

Հունվարի 28-ին

Ժամը 10.30-ին.

ՀՀ ՊՆ ղեկավարության, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի եւ ազատամարտիկների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, պսակադրության արարողություն

Ժամը 16.00-ին.

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: