Համարների տեղափոխելիությունը լրացուցիչ ծառայություն է, որը կավելանա ներկայում շուկայոuմ գործող ծառայությունների փաթեթին, սակայն ծառայությունից օգտվողների թիվը մեծ չի լինի: Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խոսքով՝ այդ եզրակացությունը կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա: Նրա խոսքով՝ կարգավորող հանձնաժողովի եւ բջջային կապի 3 օպերատորների ներկայացուցիչները միասին համարների տեղափոխելիության համակարգն ուսումնասիրել են՝ այցելելով այլ երկրներ: «Բայց դա բավական հետաքրքիր առաջարկություն կլինի բոլոր բաժանորդների համար, կսպասենք, կտեսնենք, երբ մուտք գործի՝ ինչպիսի շրջանառություն կամ հետաքրքրություն կլինի»,- ասաց Ռ. Յիրիկյանը;

Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անցյալ տարվա դեկտեմբերին ընդունեց որոշում՝ 2014 թ. հունվարի 1-ից շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգը (MNP ծառայություն) գործարկելու մասին: MNP -ն (Mobile Number Portability) բաժանորդներին թույլ է տալիս օպերատորին փոխելուց հետո պահպանել համարը: