Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հավատում պետության ղեկավարի կայանալիք ընտրությունների վերաբերյալ վիճակագրական հարցումների տվյալներին, քանի որ դրանք հաճախ կամ չեն արտացոլում իրականությունը, կամ կեղծված են: Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ի մամուլի ասուլիսում նշել է նա:
Լրագրողների հարցին, թե որն է քարոզարշավի ընթացքում նրա շարժունության եւ եռանդի գաղտնիքը, Հովհաննիսյանը նշել է. «Սերը: Սերը պայքար է: Եւ ես չեմ ամաչում ժողովրդի եւ հայրենիքի հանդեպ տածած իմ սիրուց»:
Անդրադառնալով իր քարոզարշավի հասցեին հնչած կոպիտ խոսքերին՝ թեկնածուն նշել է, որ նորմալ է վերաբերվում հեգնանքին. «Թող հեգնեն, բայց եթե քաղաքական գործիչը պայքարի մեջ է մտել, պետք է ամեն ինչի պատրաստ լինի»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























