Թուրքիայում վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի հետ ոստիկանատանը լուսանկարված 2 ոստիկանների արդարացման վճիռը։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ վճռաբեկի որոշման մեջ նշվել է, որ օրենքներին հակասում է՝ «Հանցանքը եւ հանցագործին գովել» հոդվածով հայցի հիման վրա գործողություններ չիրականացնելը։ Վճռաբեկի որոշմամբ՝ չեղյալ է հայտարարվել Դինքին սպանած Օգյուն Սամասթի հետ ոստիկանատանը լուսանկարված 2 ոստիկանների արդարացման վճիռը։
Դինքի սպանությունից 2 օր անց, Սամսունի ոստիկանատանը ահաբեկչության դեմ պայքարի վարչության փոխտնօրեն Մեթին Բալթան եւ նույն բաժնի աշխատակից Իբրահիմ Ֆըրաթը Թուրքիայի դրոշը տվել են Դինքի սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին եւ նրա հետ լուսանկարվել։
Ոստիկանները կրկին կանգնելու են դատարանի առաջ եւ նրանց մեղքը հաստատվելու դեպքում նրանց սպասվում է մինչեւ 5 տարի ազատազրկում։





























