Ստամբուլի ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը 2012-ի դեկտեմբերից Սամաթիայում բնակվող տարեց հայ կանանց դեմ հարձակումների գործերով։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս»-ը, ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ կապ կա դեկտեմբերի 17-ին Շիշլի թաղամասում մի կնոջ եւ Սամաթիայում տարեց հայ կանանց դեմ իրականացված հարձակումների միջեւ։

Նշվում է, որ ոստիկանությունն արդեն կազմել է 30-ից 35 տարեկան հանցագործի ֆոտոռոբոտը եւ նրան հայտնաբերելու աշխատանքներ են իրականացվում։

Նշենք, որ դեկտեմբերից սկսված Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց դեմ։ Բոլոր հարձակումներն ունեն նույն ձեռագիրը։ Հարձակումներից մեկի ժամանակ հանցագործը կամ հանցագործները դաժանորեն սպանել են Մարիցա Քյուչուքին։ Հարձակումներից երկուսում հանցագործի դաժան ծեծի հետեւանքով 2 տարեց հայ կանայք զրկվել են աչքերից մեկից։ Իսկ մի դեպքում էլ փորձ է արվել առեւանգել հայ կնոջը։