Հայաստանի Ընտրական օրենսգիրքը միակողմանի է: Ինչպես հայտնի վեպի մեջ է  ասվում, բոլոր կենդանիները հավասար են, իսկ խոզերը ավելի հավասար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը` արձագանքելով իր նկատմամբ վարչական վարույթ սկսելու փաստին:

«Իրենք լրիվ օրենքի սահմաններում են անում: Դա ճիշտ է, ուղղակի միակողմանի է: Երբ մենք քաղաքական ենթատեքստ ենք տալիս դրան, իրենք միանգամից ընտրական օրենսգիրքն են ցույց տալիս: Բայց, երբ Սերժ Սարգսյանի հանդիպմանը Սյունիքում դպրոցի երեխաներին պլակատներով  դասի ժամին հանում-տանում են քարոզարշավի, նորմալ է: Ուսուցիչներն էլ ասում են, թե մեծ դասամիջոց է: Ուզում եմ ասել, որ այդ ընտրական օրնենսգիրքը միակողմանի է: Ինչպես հայտնի վեպի մեջ` բոլոր կենդանիները հավասար են, իսկ խոզերը ավելի հավասար»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը եւ ավելացրեց, որ վերջնական գնահատական կտա Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հունվարի 25-ին ժամը 17.00-ին  հրավիրվելիք նիստից հետո, որտեղ  քննարկելու է իր նկատմամբ վարչական վարույթ սկսելու հարցը:

Ավելի վաղ ԿԸՀ-ն տեղեկացրել էր, որ վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Ս. Հովհաննիսյանի՝ 24.01.2013թ. ԿԸՀ ներկայացրած գրությունը, որով տեղակցվում է, որ ծառայությունը թեկնածուների նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով հունվարի 24-ի հերթական շրջայցի ընթացքում խախտում է արձանագրել:ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի քարոզչական պաստառների վրա ըստ Ընտրական օրենսգրքի, պետք է նշվեր պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ տեղեկությունը: Սակայն այն  բացակայել է: Ընտրական օրենսգիրքը սահմանում է նաեւ, թե թեկնածուների քարոզչական պաստառները կոնկրետ որ վայրերում պետք է փակցվեն։ Այս պարագայում նույնպես խախտումներ է գրանցվել: