Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պահանջն այն մասին, որ գործող նախագահը պետք է չմասնակցի ընտրություններին, օրինական ընտրություններ անցկացնելու գրավականն են: Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ի մամուլի ասուլիսում նշել է Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը՝ հանրությանն ուղղված կոչ ընթերցելով :
«2007թ.-ից սկսած իշխող կուսակցությունը ներմուծել է այս Ընտրական օրենսգիրքը եւ կաշառքի ու վարչական ռեսուրսների միջոցով ժողովրդից խլել ազատ եւ օրինական ընտրության հնարավորությունը: Դրանով իշխող կուսակցությունը չարաշահում է դիրքը եւ բարեխիղճ մրցակից չէ մյուսների համար: Ղուկասյանը դիմել էր ԿԸՀ՝ ՀՀԿ-ին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու պահանջով, սակայն բյուրոկրատական մերժում էր ստացել: Դա էլ հացադուլի առիթ էր դարձել:
Նա նաեւ դիտորդներից պահանջել էր հեռանալ Հայաստանից, քանի որ Հայաստանը մրցակցային ընտրություններ անցկացնելու միջազգային պարտականությունը չի կատարում: Եւ այսօր դիտորդները պատասխանատու են երկրում արհեստական ընտրություններ անցկացնելու համար: Անդրիաս Ղուկասյանը պատրաստ է դադարեցնել հացադուլը, եթե միջզգային դիտորդները հեռանան:
Ղուկասյանը նաեւ բոլոր թեկնածուներին կոչ էր արել հրաժարվել կեղծ ընտրություններին մասնակցելուց:
Անկասկած, Ղուկասյանի պահանջները համահունչ են օրինավոր քաղաքացիների պահանջին: Այն քաղաքացիները, որոնք համամիտ են, կարող են միանալ պայքարին: Հացադուլի հասցեատերը հասարակությունն է, եւ այն պետք է ստեղծված իրավիճակի նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտի», - նշված է հայտարարությունում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























