2012-ի դեկտեմբերից Սամաթիայում բնակվող տարեց հայ կանանց դեմ հարձակումների գործերով դեռեւս ձերբակալվածներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թուրքիայում հրատարակվող «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Սարգիս Սերոբյանը:
Նա նշեց, որ իրենք հարցումներ են ուղարկել իրավապահ մարմիններին` ոստիկանություն, ոստիկանապետերին, եւ նրանց կողմից կատարված քննությանը եզրակացությունը այն է եղել, որ այդ չարագործությունները ոչ թե հայերի դեմ պլանավորված դեպքեր են, այլ պարզապես պատահական դեպքեր են գողության նպատակով: Թեեւ, Սարգիս Սերոբյանը նշեց, որ մարդկանց մեծ մասը, այդ թվում` ինքը, կասկածներ եւ մտավախություն ունեն, որ ճիշտ հակառակն է, դրանք ուղղված են հենց հայերի դեմ:
Խմբագիրը նշեց, որ Սամաթիայում բնակվող հայերը այժմ անհանգիստ են, տարեցները վախենում են մենակ տնից դուրս գալ: Նա նաեւ նշեց, որ թաղամասում վիճակը մի քիչ լարված է, ոստիկանները հսկում են Սամաթիան:
Սարգիս Սերոբյանը հավելեց, որ հետեւողական են լինելու եւ պետք է ամեն ինչ անել, որ մեղսագործները ձերբակալվեն:
Նշենք, որ դեկտեմբերից սկսված Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց դեմ։ Բոլոր հարձակումներն ունեն նույն ձեռագիրը։ Հարձակումներից մեկի ժամանակ հանցագործը կամ հանցագործները դաժանորեն սպանել են Մարիցա Քյուչուքին։ Հարձակումներից երկուսում հանցագործի դաժան ծեծի հետեւանքով 2 տարեց հայ կանայք զրկվել են աչքերից մեկից։ Իսկ մի դեպքում էլ փորձ է արվել առեւանգել հայ կնոջը։





























