Շատերը միգուցե այժմ երջանկությամբ պատմում են երազը, թե ինչպես երեկոյան կերած աղի բլիթի շնորհիվ տեսան ապագա հարսնացուին կամ փեսացուին: Բայց կան նաեւ երիտասարդներ, որոնք ոչ ուտում են աղի բլիթ, ոչ էլ հավատում են դրա «զորությանը»: NEWS.am-ը փոքրիկ հարցում է անցկացրել` փորձելով պարզել, թե երիտասարդները ուտում են աղի բլիթ, թե ոչ, ինչ նվեր կցանկանային ստանալ եւ առհասարակ ըստ նրանց ո՞րն է սեր խոստովանելու լավագույն ձեւը:
Մեր հարցմանը մասնակցած երիտասարդների մեծ մասը աղի բլիթ չի կերել եւ չէր պատրաստվում ուտել, պատճառները տարբեր էին` չեն ցանկանում, «տվող չկա», չեն հավատում, հավես չկա եւ այլն: Թե ինչու աղի բլիթ չեն ուտում, երիտասարդներից մեկը` 27-ամյա Աշոտը այսպես մեկնաբանեց. «Ես սիրում եմ գիշերը քնել, ոչ թե ջուր խմել»: «Ես երբեք չեմ կերել, չեմ էլ ուտի աղի բլիթ, ընդհանրապես էդ տոնը չեմ նշում, եկեղեցական ոչ մի տոն ոչ նշում եմ, ոչ ընդունում, աթեիստ եմ»,- ասաց 35-ամյա Արամը` շեշտելով, որ թեեւ աղի բլիթ չի կերել, բայց գտել է իր սիրուն եւ շատ երջանիկ է: 33-ամյա Վարդանը երբեւէ աղի բլիթ չի կերել, «չեն տվել, որ ուտի», իսկ 45-ամյա Սամվելը չի պատրաստվում աղի բլիթ ուտել, քանի որ նա աչքերը բաց էլ տեսնում է նրանց, ում ցանկանում է: 32-ամյա Անին էլ նշեց, որ աղի բլիթ ուտելու համար նախեւառաջ պետք է 5 օր պահք պահել, ինչը հաճախ չեն անում: Թեեւ, նրա խոսքով, դա շատ գեղեցիկ ավանդույթ է: 28-ամյա Նառան ասաց, որ չի պատրաստվում աղի բլիթ ուտել, քանի որ նման բաներ անելու տարիքը անցել է:
Իհարկե, կային նաեւ երիտասարդներ որոնք աղի բլիթ կերել են, սակայն երբեք չեն տեսել այն միակին, ով իրենց ջուր է բերել: 22-ամյա Տաթեւը մի անգամ աղի բլիթ կերել է եւ երազում տեսել «Smash»-ի տղաներին, թեեւ նրանցից ոչ մեկին էլ սիրահարված չէ:
Ինչ վերաբերում է նվերներին, ապա ոչ ոք չհրաժարվեց դրանցից, հնչեցին զանազան տարբերակներ` ծաղկեփնջից, ռոմանտիկ երեկոյից, օծանելիքից մինչեւ վարդագույն «Ժուկ» մեքենա եւ այլն: «Լափթոփ, iPhone 5, Gucci-ից ձմեռային կոշիկ, 10 հազար դոլարանոց բանկի քարտ»,- ահա թե ինչ կցանկանար 33-ամյա Վարդանը: Ամուսնացած տղամարդիկ այսօր չէին պատրաստվում որեւէ բան նվիրել իրենց կանանց, սիրելի չունեցողները եւս այդ օրը «ծախսի տակ չեն ընկնի»: Հետաքրքիր է, որ ամուսնացած կանայք եւս որեւէ նվեր չէին սպասում իրենց տղամարդկանցից:
Անդրադառնալով սեր խոստովանելու լավագույն ձեւին` երիտասարդների մի մասը համարում է խոսքերը, մյուս մասը` գործերը, իսկ մի ռոմանտիկ աղջիկ էլ ասաց` «լռության մեջ խոսքերը տեղ հասցնելը»: Նրա համար լավագույն նվերը «նրա հետ հանդիպումն է»: 22-ամյա Գոռն էլ ասաց, «եթե իմանաք, թե որն է սեր խոստովանելու լավագույն ձեւը, կասեք»: 33-ամյա Վարդանը անկեղծացավ, որ ինքը սեր է խոստովանել ավանադական` «Ես քեզ սիրում եմ» ասելով եւ նայելով սիրելիի աչքերին, սակայն, երեւի դա ճիշտ տարբերակ չէր, քանի որ սերերը մոռացվել են, խոստովանություններն էլ` պետք չեն եկել:
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր` հունվարի 26-ին, կնշի Երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը կնշի: Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է:
Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Սուրբ Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Տոնին նախորդում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:





























