Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցն է ներկայացրել ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի դեմ` մեղադրելով նրան փետրվարի 2-ի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի եւ իր հանդեպ անձնական վիրավորանքներ հասցնելու համար:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայցադիմումի մեջ նշվում է, որ Բահչելին իր հայտարարությունների մեջ անցել է քննադատության եւ խոսքի ազատության սահմանը եւ բացահայտ ստորացրել եւ վիրավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձը:

Թուրքիայի վարչապետի հայցադիմումում պահանջվում է Դեւլեթ Բահչելիից անձնական վիրավորանքի համար բռնագանձել 100 հազար լիրա (70 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում:

NEWS.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 2-ին թուրքական խորհրդարանում ամբիոնի մոտ գտնվող ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորը, անդրադառնալով փաստին, որ Էրդողանի կնոջը գլխաշորով լինելու համար չէին թողել զինվորական բժշկական ակադեմիա, հեգնանքով ասել էր, թե «այդ ինչպես են համարձակվում մարգարեի կնոջը ներս չթողնել»: Ընդդիմադիրը հիշեցրել էր, որ Թուրքիայի վարչապետին մարգարե է անվանել հենց Էրդողանի կուսակիցը 2008-ին: Այնուհետ ամբիոնին էր մոտեցել վարչապետ Էրդողանը եւ փրփրած ելույթ ունեցել, թե իր կնոջը գլխաշորի համար նկատողություն անելն անբարոյակություն է: Նիստը նախագահող ընդդիմադիր պատգամավորն անջատել էր Թուրքիայի վարչապետի խոսափողը, որից հետո մեջլիսում լուրջ տուրուդմբոց էր սկսվել:

Հաջորդ օրը Էրդողանը, ճշտելով, որ իրոք իր կուսակցության նահանգային կառույցի ղեկավարը ժամանակին իրեն երկրորդ մարգարե է կոչել, պահանջել է նրանից հրաժարական տալ եւ հեռանալ իր կուսակցությունից:

Ծեծկռտուքի հաջորդ օրը «Ազգայանակ շարժում» կուսակցության առաջնորդ Դեւելթ Բահչելին խիստ քննադատության է ենթարկում Էրդողանին`մեղադրելով նրան ծեծկռտուքի համար:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը մի քանի դատական հայց արդեն ներկայացրել է Դեւլեթ Բահչելիի դեմ եւ մեկ դատ էլ արդեն շահել է: