ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող 18-ամյա Արմենակ Մկրտչյանը, ով հունվարի 17-ին մահացել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մինչեւ հոսպիտալ տեղափոխվելը ջրծաղիկով հիվանդ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմենակ Մկրտչյանի քեռին` Նվեր Վարդանյանը:
«Մենք առողջ երեխա ենք ուղարկել, բայց այդ ընթացքում ջրծաղիկ է ընկել: Մի օրվա մեջ տարել են սանչաստ, այդ գիշերվա մեջ վատացել է, տարել են հոսպիտալի վերակենդանացման բաժին: 5 օր այնտեղ պառկել է ու էլ չգիտենք ինչ է եղել»,- ավելացրեց Արմենակ Մկրտչյանի քեռին: Ինչպես նաեւ փոխանցեց, որ այս պահին ավելին չի կարող ասել մինչեւ դատաբժշկական փորձաքննության արդյունքները չստանան: Իսկ փորձաքննության արդյունքները սպասում են, որ մինչեւ հունվարի վերջ արդեն պատրաստ կլինի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող 18-ամյա Արմենակ Մկրտչյանը, ով հունվարի 17-ին մահացել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում դեկտեմբերին էր զորակոչվել բանակ եւ վախենում էր մթությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Սվարանց գյուղի գյուղապետ Արթուր Մարգարյանը:Գյուղապետը փոխանցել էր, որ շուրջ 1.5 տարի է, ինչ նա մութն ընկնելուց հետո տանից դուրս չէր գալիս: «Արմենակի մոր պատմելով մի գիշեր շունը կտրել է Արմենակի ճանապարհը հաչացել, որից շատ ուժեղ վախեցել է»,- պատմել էր գյուղապետը: Արթուր Մարգարյանը նշել էր նաեւ, որ Արմենակի ծառայության կարճ ժամանակահատվածում նույնիսկ զորամասից շնորհակալագիր են ստացել, որ նա շատ լավ ծառայող է: «Հունվարի 12-ին Արմենակի պրիսյագն էր: Սակայն մայրը գնացել է զորամաս, ասել են, որ նա կոմայի մեջ է: Այնինչ` Արմենակի մայրը հունվարի 9-ին հենց մեր տանից խոսեց Արմենչոյի հետ եւ պայմանավորվեցին, որ պրիսյագից հետո գնալու են Ջրառատ պրիսյագը հորաքրոջ տանը նշելու»,- պատմել էր գյուղապետը:
Տեղեկացրել էինք նաեւ, որ հունվարի 17-ին, ժամը 05:30-ին, միոկարդի սուր ինֆարկտ հարցականով, թոքային զարկերակացողունի թրոմբոէմբոլիա հարցականով, սուր սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Արմենակ Մանուչարի Մկրտչյանը:





























