Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն վերջին շրջանում Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ իրականացվող հարձակումների հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Սեզգին Թանրըքուլեն իր հարցադրման մեջ նշել է, որ վերջին շրջանում հայերի դեմ իրականացված հարձակումներից հետո որեւէ մեկը չի ձերբակալվել եւ ոչ մի բացահայտում չի եղել, ինչը մեծացրել է հայ քաղաքացիների վախն ու մտահոգությունները: Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ 1915-ի հայերի տեղահանության 100-րդ տարելիցին մոտենալուն զուգահեռ Թուրքիայում հայ քաղաքացիների դեմ հարձակումներ են սկսվում:
Սեզգին Թանրըքուլուն հիշատակել է 6 տարի առաջ սպանված Հրանտ Դինքին եւ 2011-ի ապրիլի 24-ին սպանված Սեւակ Շահին Բալըքչըին:
Թուրք փոխկուսակցապետը հետեւյալ հարցեր է ուղղել Էրդողանին.
Կարո՞ղ եք պնդել, որ հայերի դեմ վերջին հարձակումները սիստեմատիկ չեն եղել: Նման հարձակումները կանխելու համար ի՞նչ միջոցառումներ ենք նախատեսում իրականացնել: Երբ հասարակ հարձակումներից հետո շատ արագ ինչ որ հետքեր են գտնում, ապա ինչո՞ւ այս պարագայում ոչինչ չի գտնվում: Այս հարձակումների հետեւանքով խիստ մտահոգված եւ անապահով իրավիճակում հայտնված հայ քաղաքացիներին սփոփող ինչ որ ուղերձ կամ հայտարարություն անելո՞ւ եք, թե՞ շարունակելու եք լռություն պահպանել:
Նշենք, որ կրկին հայերի դեմ հարձակումների հետ կապված «Ժողովրդա-հրանրապետական» կուսակցության մյուս փոխնախագահ Ումութ Օրանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է մտահոգող խնդիրը, ինչպես նաեւ մի շարք հարցերի պատասխանն ստանալու համար գրավոր հարցադրում ուղղել Ներքին գործերի նախարարին:
Դեկտեմբերից սկսված Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց դեմ։ Բոլոր հարձակումներն ունեն նույն ձեռագիրը։ Հարձակումներից մեկի ժամանակ հանցագործը կամ հանցագործները դաժանորեն սպանել են Մարիցա Քյուչուքին։ Հարձակումներից երկուսում հանցագործի դաժան ծեծի հետեւանքով 2 տարեց հայ կանայք զրկվել են աչքերից մեկից։ Իսկ մի դեպքում էլ փորձ է արվել առեւանգել հայ կնոջը։





























